Ընթերցելով Մարիա Մոնտեսորիի « Տասնինը պատվիրաններ ծնողներին» փոքրիկ աշխատությունը` թվում է, թե պարզ, հասարակ բաներ է գրված, որ բոլորն էլ գիտեն, բայց այնքան խորն ու իմաստուն մտքեր են շարադրված, որոնց մասին հաճախ պետք է մտածել: Շատ հաճախ ենք հանդիպում այնպիսի ծնողների, ովքեր շփոթվել, խճճվել են այսքան «պարզ» թվացող, բայց միևնույն ժամանակ այդքան «բարդ» բաների մեջ:
Ծնողը պետք է առաջին հերթին ընկեր լինի երեխայի համար, օգնող, աջակցող, սխալները աննկատ ուղղող և համբերատար: Չէ որ, առաջին պատվիրանում գրված է.«Երեխային ուսուցանում է իրեն շրջապատող միջավայրը», այսինքն, երեխան սպունգի պես է, ինչ տալիս ես, այն վերցնում է, կլանում, ներծծում ամեն բան ինչ տեսնում է: Երեխային սովորեցնելու լավագույն օրինակը հենց դու ես: Եթե դու ուզում ես, որ երեխան չստի երբեք, նախ դու մի’ ստիր:
Երեխաները տարբեր են, ամեն մեկի հետ պետք է խոսել «իր լեզվով»: Մեկին գովեստը կբարձրացնի մինչև երկինք` կունենա բազմաթիվ ձեռքբերումներ, իսկ մյուսին կարող է փչացնել` հավասարեցնելով հողին: Անկախ ամեն ինչից երբեք չպետք է մոռանալ ներդաշնակության մասին, չէ որ, բնության մեջ ամեն բան ներդաշնակ է, այդպես էլ պիտի լինի մարդու հոգում, դաստիարակության մեջ: Մարդ ունի տասը մատ, եթե պակասում է մատերից որևէ մեկը կորում է ներդաշնակությունը, սակայն նույնն էլ տեղի է ունենում, երբ ծնվում է ավել մատով:
Անկախ ամեն ինչից երեխային պետք է տալ սեր, ջերմություն: Ժողովրդական մի հայտնի խոսք կա. «Ճաշի աղը շատ է, ճաշի աղը` քիչ»: Ամեն ինչի չափից ավելին կործանարար է` անգամ սերը: Սիրե’ք ձեր երեխաներին անմնացորդ, սակայն թողե’ք նրանց լինել ինքնուրույն, թողե’ք սխալվեն երբեմն,սովորեն մտածել, որ կարողանան ապրել առանց ձեզ: